Մկրտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ խորհուրդներից առաջինն է, որի միջոցով մարդը վերստին ծնվում է հոգևոր կյանքով և մուտք գործում քրիստոնեական հավատքի ընտանիք։ Այն ոչ միայն ծես է, այլև Աստծու հետ նոր ուխտի հաստատում, մեղքերից մաքրագործում և դեպի փրկություն տանող ճանապարհի սկիզբ։ Մկրտվելով՝ մարդը դառնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ և Աստծու որդեգիր։
Ո՞վ է հաստատել Մկրտության խորհուրդը
Մկրտության սուրբ խորհուրդները հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս:
Ի՞նչ է կատարվում մկրտության պահին
Մկրտության խորհրդով մարդը մաքրվում է ադամական մեղքից, վերածնվում հոգևոր կյանքով և դառնում Երկնքի Արքայության ժառանգորդ։ Այդ պահից նա կոչված է ապրելու հավատքով, սիրով և Աստծու պատվիրաններին հավատարիմ ընթացքով։ Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում է նորը:
Որտե՞ղ կարող է կատարվել Մկրտության խորհուրդը
Մկրտության վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել:
Ո՞վ կարող է դառնալ կնքահայր
Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս և ուղղափառ դավանանք ունեցող անձ։ Կնքահայր չի կարող լինե մկրտվողի մերձավոր ազգականը (պապիկը, հայրը, եղբայրը)։ Կնքահայրը պետք է ունենա հոգևոր գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի Աստծո պատվիրանների համաձայն դաստիարակի իր հոգևոր զավակին:
«Այս երեխան ի՞նչ է ցանկանում»
Մկրտության ժամանակ քահանան երեք անգամ հարցնում է կնքահորը. «Այս երեխան ի՞նչ է ցանկանում»: Կնքահայրը երեք անգամ պատասխանում է. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն» (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության):
Ի՞նչ պետք է բերել եկեղեցի մկրտության համար
Երկու մոմ
Խաչ (ըստ մկրտվողների քանակի), և ընդհանրապես պարտադիր չէ, որ այն լինի ոսկե. Կարելի է մկրտվել նաև արծաթյա, փայտյա խաչով
Կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ, որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողից հոսած արյունն ու ջուրը (ըստ մկրտվողների քանակի)
Չօգտագործված սրբիչ (ըստ մկրտվողների քանակի)
«Եթե հավատքը կարևոր նախապայման է, ուրեմն ինչո՞ւ է կատարվում մանկանց մկրտությունը»
Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորել Աստծո որդեգիր դարձած և Աստծո խնամքին հաձնված, քանի որ մկրտության շնորհիվ կյանքի փորձություններին դիմակայում ենք, աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է:
Նյութը`
qahana.am կայքից
Комментарии 1