Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Ու ամենևին էլ մարդատյացություն չէ սա, հավատացնում եմ. բազմաթիվ իսկական մարդատյացների եմ ճանաչում, որոնք, սակայն, միշտ մարդկանց հետ են, ինչպես ասում են` ուս-ուսի, թև-թևի: Կրկնում եմ` անհրաժեշտ տարածության պահպանումը մարդատյացության դրսևորում համարել չի կարելի: Ավելին ասեմ, թեև ինչու՞ ավելին, և ոչ` ճշմարիտը (ասելով ճշմարիտը, չգիտես ինչու` թվում է, թե ասում ենք ավելին), ուստի ասեմ ճշմարիտը` ես մարդասեր եմ: Մարդասեր եմ` ինչպես ասացի, այո, անհերքելի ճշմարտություն է, և սույնը հաստատող էլի շատ ապացույցներ ունեմ, որոնց մասին խոսելը անհամեստություն կլինի պարզապես: Սակայն մարդասեր լինելը մի՞թե անպայմանորեն նշանակում է մշտապես սերտ շփումների մեջ լինել մարդկանց հետ, մշտապես մխիթարության խոսքեր շշնջալ նրանց ականջին, գուրգուրել, ողորմություն բաժանել... Կարծում եմ` ոչ: Ես մարդասեր եմ տարածության վրա, որովհետև...Որովհետև, մեղքս ինչ թաքցնեմ, շատ անսպասելի, անկանխատեսելի, պարզապես վտանգավոր արարած է մարդը, այսինքն` մենք: Եթե, օրինակ, շունը ժանիքները մերկացրած գալիս է վրադ, պարզ գիտակցում ես, որ կծելու միտք ունի: Իսկ երբ գործդ մարդու հետ է` դժվար է կռահել ձեր շփման զարգացումն ու հատկապես` ավարտը: Նույնիսկ ամենաբարի նպատակներով մոտեցած մարդու միտքն ի՞նչ իմանաս` քիչ հետո որ կողմը կծռվի: Կյանքիս փորձից հարյուրավոր վառ օրինակներ կարող եմ հիշել: Վտանգավոր է, այո... Բայց դե, սա է մարդը, ի՞նչ կարող ես անել: Ուստի...Ուստի խղճահարությունը, որքան էլ սաստիկ, չպետք է կուրացնի, չպետք է խանգարի, որպեսզի ես ապահովեմ սեփական անվտանգությունս. իրավունք ունեմ, չէ՞: Այս մասին վաղուց եմ մտածում: Միշտ երազել եմ պաշտպանական «թասակ» ունենալ` յուրահատուկ անտեսանելի թաղանթ, որը թույլ չի տա ինձ մոտենալ առավել, քան ցանկանում եմ, մոտավորապես` էլեկտրական պարպումներով պաշտպանվող ձկների նման: Պատրանք է, համաձայն եմ: Սակայն արի ու տես...Դե լավ, ի վերջո, պաշտպանված ու հանգիստ ապրելը մի՞թե առավել կարևոր չէ: Ի՞նչը, օրինակ, կարող է համեմատվել այս հաճույքի հետ, որ վայելում եմ այստեղ` սրճարանում, ոտքս ոտքիս գցած, անկախ ու անտագնապ. նստել եմ ինձ համար, գրառումներ եմ անում, ծաղրանկարներ... Իսպառ մեկուսանալ չեմ կարող, չէ, կատարյալ միայնությունը սպանիչ է ինձ համար, տեսակս է այդպիսին, մարդասեր եմ, չէ՞: Պարզապես...
Պարզապես, տարածություն է անհրաժեշտ իմ և ՁԵՐ միջև, տիկնայք և պարոնայք: Նկատեցի՞ք, դիմումս գլխատառերով առանձնացրի: Սա այն մեծ սիրուց և հարգանքից է, որ անշուշտ տածում եմ ՁԵՐ նկատմամբ, սիրելիներս...........Անհրաժեշտ տարածություն (Գուրգեն Խանջյան)

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев