Յուրաքանչյուրիս ամենասիրելի, ամենախորհրդավոր ու միևնույն ժամանակ ամենաթախծոտ տոներց` Նոր Տարին: Ամենասիրելի ու խորհրդավոր, քանի որ յուրաքանչյուրս նոր սպասումներով ու ցանկություններով ենք լցվում տարեմուտի գիշերը ու կարծես հավատում ենք, որ ամեն մի վատը, տխուրն ու դժվարինը պիտի կարողանանք թողնել հին տարվան ու թեթև սրտով ու հոգով դիմավորել նորը։ Թաղծոտ, քանի որ միշտ ել դժվար է բաժանվելը արդեն «հարազատ» դարձած տարուց։ Տարվա վերջին վարկյաններին ամենքս էլ փորձում ենք չնկատել այն արագությունը, որով մեր հիշողության մեջ լուծվում են տարիները իրար հետևից, երբ ակամայից մտքում արտաբերում ես Սևակյան անմահ խոսքերը՝ «Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք սիրելիս...»: Կյանքի սարսափելի արագ ընթացքը մենք գրեթե միշտ զգում ենք ամեն մի տարվա վերջին վարկյաններին ու գրեթե միշտ մեզ հույս տալիս, որ նորը` իր անկրկնելիությամբ, նորանոր անմոռանալի պահեր է պարգևելու և կոմպենսացնելու նախորդ տարում մեր անտեղի կորցրած այդքան թանկագին ժամանակը: Այո, նորի ու հնի պայքարը միշտ ավարտվում է նորի հաղթանակով։ Չէ որ նորի մեջ հույս կա, ջերմություն, սպասում, չիրականացած նպատակներ... Սրտանց ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր կարդում են այս տողերը, որ հաջորդ տարվա ամեն մի օրը կարողանան իմաստալից ապրեն։ Ցանկանում եմ, որ հավատաք ու իրականություն դարձնեք ձեր սրտից բխած ցանկությունները։ Կարողանաք իրականանալի երազանքներ ստեղծել ու հասնել դրանց ձեր համառության, աշխատասիրության ու կամքի շնորհիվ։ Թող որ 2017 թվականը սովածին հաց տա, հիվանդին` առողջություն, որբին` ծնող, խավարին` լույս, մրսածին` ջերմություն, անհավատին` հավատք, ծնվողին` բախտ, հիմարին` խելք, կաշառակերին` խիղճ, ծարավին` ջուր... իսկ մեզ... Իսկ մեզ թող տա մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն... Թող Նոր տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու, առողջության, մեր երկարատև մաքառումների, արդյունքների ճաշակման, չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի, ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը... Թող որ այն նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, խաղաղություն ու բարօրություն թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում: Բոլորիս մաղթում եմ արարման, ինքնաճանաչման, կերտման, նորանոր օգտակար բացահայտումների, զարգացման նոր ուղիների գտնման, անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի...
Շնորհավոր Նոր Տարի:
Нет комментариев